March 27

Գորգի տակ

Դոնալդ Բիսեթ

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել:  Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկը հարցրեց նրանց.

– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:
– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:
– Ես երևակայական վագր եմ:
– Ես երևակայական ձի եմ:
– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:
– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-չէ՞ որ խոտն էլ է երևակայական:
 – Քո ոսկորներն է՞լ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:
– Ոսկորնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:
Հետո նա մտավ գորգի տակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:
Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խը՛րթ-խը՛րթ-խը՛րթ…ձին հաճույքով շաքար էր ուտում:   Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:
Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.
– Խոտով բրդուճ:
Շեյլան չհավատաց ականջներին:
– Ա՛յ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:
Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.
– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամը՝ քանիսն է:
– Եղավ,-ասաց Շեյլան:
Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ  մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:
– Մեծ-մեծ շնորհակալություն քեզ, Շեյլա՛,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:
– Մտածե՛ք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:
– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:
– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:
– Այո՛, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:
– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:
– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա
գլխում մի միտք ծնվեց.   «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց,  զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:
Երբ առավոտյան Շեյլան հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:
– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:
Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից  խռմփոցի ձայն էր լսվում:


Posted March 27, 2022 by arianaharutyunyan in category ՄԱՅՐԵՆԻ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*